21-ամյա ռուս զինծառայողը ցմահ ազատազրկման է ուկրաինացու սպանության համար
Ուկրաինայում դատարանը 21-ամյա ռուս պայմանագրային զինծառայող Վադիմ Շիշիմարինին դատապարտել է ցմահ ազատազրկման։
Ինչպես հայտնում է meduza.io-ն, զինծառայողը մեղադրվում է պատերազմի օրենքներն ու սովորույթները խախտելու համար:
«Մեղավոր ճանաչել Ուկրաինայի քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված քրեական հանցագործություն կատարելու համար և դատապարտել ցմահ ազատազրկման»,- նիստի ժամանակ ասել է դատավորը։
Նշվում է, որ վճիռը կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարան։
Ավելի վաղ Կրեմլն արձագանքել էր ռուս պայմանագրային զինծառայող Վադիմ Շիշիմարինի դատավարության հետ կապված իրավիճակին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ ռուսական կողմը տարբերակներ է փնտրելու զինծառայող Շիշիմարինին պաշտպանելու համար։ Նա նշել է, որ Ռուսաստանն այժմ զրկված է «իր շահերը տեղում պաշտպանելու» հնարավորությունից։
Նշենք, որ զինծառայողը ցմահ ազատազրկման է դատապարտվել ուկրաինական Բուչայում անզեն քաղաքացիական անձի սպանության գործով։ Շիշիմարինն իրեն մեղավոր է ճանաչել դատարանում և ներողություն խնդրել հանգուցյալի այրուց։ Նա հայտարարել է, որ չէր ցանկանում սպանել Շելիպովին և սպայի կարգադրությամբ է կրակելտղամարդու վրա։
Դատարանում ներկայացված ապացույցների համաձայն՝ փետրվարի 28-ին գնդակոծության է ենթարկվել ավտոշարասյունը, որում եղել է Շիշիմարինը։ Փորձելով փախչել՝ նա և մի քանի զինծառայողներ խլել են մարդատար ավտոմեքենան՝ ճանապարհին ծակելով դրա անիվը։ Ճանապարհին նրանք մայթեզրին տեսել են մի տղամարդու, որը խոսում էր հեռախոսով։ Մյուս զինվորականը, ենթադրելով, որ նա կարող է այդ մասին հայտնել ուկրաինացի զինվորականներին, հրամայել է Շիշիմարինին սպանել տղամարդուն, ինչից հետո զինծառայողը մեքենայի պատուհանից ավտոմատից կրակել է ուկրաինացու վրա։










