Մոլդովայի նախկին նախագահը կալանավորվել է պետական դավաճանության և կոռուպցիայի պատճառով
Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնը 72 ժամով կալանավորվել է Քրեական օրենսգրքի չորս հոդվածներով, այդ թվում՝ պետական դավաճանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում, երեքշաբթի առավոտյան լրագրողներին հայտնել է Գլխավոր դատախազության խոսնակ Մարիաննա Կյորպեկը։
«Քննչական միջոցառումները շարունակվում են։ Դոդոնին պատկանող տանը և որոշ շինություններում խուզարկություններ են իրականացվել։ Հետաքննությունն իրականացվում է «Պասիվ կոռուպցիա», «Քաղաքական կուսակցության կողմից հանցավոր կազմակերպությունից ֆինանսավորման ստացում», «Ապօրինի հարստացում» և «Պետական դավաճանություն» հոդվածներով հարուցված քրեական գործի շրջանակում», - նշել է խոսնակը:
Դոդոնը օրերս հայտարարել է, որ պայքարելու է գործող իշխանության դեմ և չի հեռանա երկրից, գրում է interfax.ru-ն։
«Իմ դեմ կարող են ինչ-որ բան անել, կարող են խուզարկություններ անել, ինձ որոշ ժամանակով ձերբակալել: Բայց չեն կարող վախեցնել ինձ, ես մտադիր չեմ լքել երկիրը կամ թաքնվել», - ասել է Դոդոնը մայիսի 19-ին հեռուստատեսությամբ:










