Հուլիսից ՀՀ քաղաքացիները կկարողանան իրավահավաստի նամակներ ստանալ իրենց էլեկտրոնային վիրտուալ արկղում. «ՀայՓոստ»-ի տնօրեն (տեսանյութ)

17:35 • 24.05.22

Yerevan Tech forum 2022-ի շրջանակներում լոգիստիկայի, վճարային ծառայությունների ոլորտում ՏՏ նորարարությունների ներդրման և դրանց կարևորության մասին Tert.am-ը զրուցել է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանի հետ։

«Հայաստանը գտնվում է լոգիստիկայի առումով խնդրահարույց վայրում և աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն ու դրանցով պայմանավորված դժվարությունները մեզ համար նորություն չեն, պարզապես մեր դեպքում գինն է բարձրացել, այնպես չէ, որ մենք շատ ուղիներ ենք ունեցել մինչև վերջին իրադարձությունները։ Ճգնաժամի արդյունքում լոգիստիկ գները բարձրացել են, անցյալ տարի թանկացել են դեպի Եվրոպա և ԱՄՆ փոստային առաքումների գները։ Անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել մեր հիմնական ուղիները, ունենալ տարբեր գործընկերներ, որպեսզի կախված չլինենք մեկից։ Պետք է թվայնացնենք մեր առօրյան՝ ավելի լավ որակի ծառայություններ մատուցելու համար։ «ՀայՓոստ»-ը ունի հնգամյա պլան և հետևողականորեն շարժվում է դրա համաձայն։ Պետք է այնպես անենք, որ  առաջին հերթին հարկատուների բեռը թեթևանա, դրա համար անհրաժեշտ է աշխատել 5-6 շուկաներում, որպեսզի «ՀայՓոստ»-ը վաստակի որոշակի գումար։ Անհրաժեշտ է նաև ճիշտ կառավարել «ՀայՓոստ»-ի ակտիվները և թվայնացնել դրանք»,- ասաց Հայկ Կարապետյանը։

Նա նշեց, որ հուլիսին շրջանառության մեջ է դրվելու հատուկ հավելված, որի միջոցով քաղաքացիները կկարողանան համաձայնագիր ստորագրել «ՀայՓոստ»-ի հետ և Էլեկտրոնային պաշտոնական նամակները ստանալ պաշտոնական վիրտուալ  արկղում, այդ նամակները իրավահավասար կլինեն թղթային տարբերակներին։

Հայկ Կարապետյանը ընդգծեց, որ բազմաթիվ անելիքներ կան, որպեսզի Երևանը արժանանա աշխարհի տեխնոլոգիական մայրաքաղաքներից մեկի կոչմանը։

«Այդ առումով Հայաստանը մեծ շանսեր ունի, հատկապես մարդկային ռեսուրսների առումով, ամեն ինչ պետք է անենք այդ կոչմանը արժանանալու համար։  Ունենք շանսեր, պարզապես պետք է կարողանանք պահել լավագույն կադրերին և բարձրացնել քաղաքացիների կրթության մակարդակը»,- հավելեց «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենը։

 

Հուլիսից ՀՀ քաղաքացիները կկարողանան իրավահավաստի նամակներ ստանալ իրենց էլեկտրոնային վիրտուալ արկղում. «ՀայՓոստ»-ի տնօրեն (տեսանյութ)