Հայաստանում տեխնոլոգիական ոլորտը քիչ-քիչ ուղղվում է դեպի ավանդական ոլորտներ․ Ամալյա Եղոյանը՝ Yerevan Tech Forum 2022-ում

21:05 • 25.05.22

Yerevan Tech Forum 2022-ի շրջանակներում Tert.am-ը զրուցել է «Գյումրի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն»-ի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանի հետ։

Նա ընդգծեց, որ Հայաստանի համար շատ ճիշտ փուլում է կազմակերպվել Yerevan Tech Forum 2022-ը՝ հաշվի առնելով դրսից ժամանած մեծաթիվ մասնագետների, ընկերությունների տեղափոխումը Հայաստան։

«Երևանը կարելի է դասել այն մայրաքաղաքների շարքին, որտեղ տեխնոլոգիական մեծ ներուժը ակնհայտ է։ Ինչպես աշխարհի տեխնոլոգիական այլ մայրաքաղաքներում, այնպես էլ Երևանում, երիտասարդությունը գալիս է դեպի տեխնոլոգիական ոլորտ։ Բացի այդ, պետք է նշել, որ տեխնոլոգիական ոլորտը քիչ-քիչ ուղղվում է դեպի ավանդական ոլորտներ, հատկապես քովիդից հետո նորարությունները մուտք են գործել առողջապահության, գյուղատնտեսության, հյուրընկալության ոլորտներ։ Այս առումով Երևանը քիչ է զիջում այլ տեխնոլոգիական մայրաքաղաքներին և կարևոր քայլեր են արվում, որպեսզի տեխնոլուծումները գնան  ավանդական ոլորտներ։ Պետք է անկեղծ լինենք և ասենք, որ Հայաստանը այդքան էլ պատրաստ չէր ընդունել դրսից ՏՏ ոլորտի կադրերին և ընկերություններին։ Այդ ընկերությունները Հայաստանում դժվարությամբ են գտնում պահանջված ավագ մասնագետներ, որպեսզի կարողանան իրենց ծրագրերը ամբողջ ծավալով իրականացնել։ Այս խնդիրը լուրջ մարտահրավեր է համալսարանների, կրթական հաստատությունների համար, որպեսզի արագորեն սկսկեն փոխել իրենց ռազմավարությունը և մասնավոր սեկտորից դասավանդողներ ներգրավեն։ Բացի այդ, խնդիրներ կան նաև սպասարկման ոլորտում, մեր սպասարկման ոլորտը ամբողջ ծավալով պատրաստ չէր այս ներհոսքին»,- ասաց Ամալյա Եղոյանը։