Կայացավ «Դիմադրություն» շարժման երթը և հանրահավաքը (տեսանյութ)

18:06 • 26.05.22

Ֆրանսիայի հրապարակից այսօր, մայիսի 26–ին մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Դիմադրություն» շարժման  երթը։

Շարժման մասնակիցների ձեռքին կային անգլերեն գրություններով պաստառներ՝ «Ազատություն քաղբանտարկյալներին», «Բացե՛ք ձեր աչքերը», «Փաշինյանը չպետք է խոսի Հայաստանի անունից»։

Երթի կանգառը ՀՀ կառավարության շենքն էր, որտեղ տեղի էր ունենալու Չեռնոգորիայի նախագահի ու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։

«Դիմադրություն» շարժման երթը մոտեցավ ՀՀ կառավարության շենքին:

Հրապարակում ու կառավարության շենքի մոտ կենտրոնացած էին մեծաքանակ ոստիկանական ուժեր։ Շենքի վերևի հատվածում տեղակայված էին նաև դիպուկահարներ։

Հարյուրավոր ոստիկաններ շղթա էին կազմել, նրանք փորձում էին խոչընդոտել խաղաղ երթի ընթացքը, նրանց պարտադրելով այլ գծով շարվել։

«Այս հրապարակը ոչ ոք իր սեփականը չի կարող համարել»,- հայտարարեցին Շարժման մասնակիցները։

Պատգամավորներն ու ակտիվիստները կանգնեցին ոստիկանների եւ ժողովրդի արանքում՝ սադրանքներից ու միջադեպերից խուսափելու համար։

«Նիկոլ դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան», «Ամոթ, ամոթ» վանկարկեցին քաղաքացները։

Չնայած ոսիկանների դիմադրությանը՝ ցուցարարները ճեղքեցին շղթան՝ շարժվեցին կառավարության շենքի ուղղութամբ և շրջափակեցին այն: