Մեր պայքարը մեկ ամիս էլ չի ձգվելու, իսկ բոլոր նրանք, ովքեր իրենց չափը անցնում են, ամեն ասածի համար պատասխան են տալու․ Իշխան Սաղաթելյան

15:24 • 26.05.22

 

 ՀՀ արժանապատիվ քաղաքացիները շուրջ 3 ժամ 2 պետական կարևոր հաստատություն շրջափակել են, կասեցրել այդ հաստատությունների աշխատանքը, մեր առջև դրված խնդիրը ամբողջությամբ լուծել ենք։ Կգա ժամանակն ու օրը, երբ կշրջափակվի նաև կառավարության շենքը։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ճեպազրույցի ժամանակ ասաց ընդդիմության առաջնորդներից, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Հարցին՝ որքա՞ն է շարունակվելու ընդդիմության շարժումը և երբ է լինելու իշխանափոխությունը, Սաղաթելյանը ասաց․ «Երբ ասում ենք Նիկոլ չկա, իշխանություն չկա, այդ փաստը ամրագրում է ժողովուրդը։ Նիկոլի հեռացման հանրային պահանջը շատ հստակ ձևակերպված է։ Խնդիրը հետևյալն է՝ նրանք, ովքեր գտնում են, որ նա պետք է հեռանա, պիտի դառնա այս պայքարի մասնակիցը։ Հենց դա չի հերիքում մեզ։ Դուք չեք կարող բերել մի օրինակ, երբ 30 օր շարունակ ժողովուրդը ոտքի կանգնի և 24 ժամ ռեժիմով երթեր, հանրահավաքներ ակցիաներ իրականցնի և գիշերի այս հրապարակում։ Իշխանափոխություն կլինի այն ժամանակ, երբ կհասնենք այն կրիտիկական կետին, երբ ժողովուրդը ամբողջությամբ ոտքի կանգնի ու ոստիկանությունը այլևս չկարողանա պաշտպանել Նիկոլի իշխանությունը։ Ժամկետներ չեմ ասում, բայց կարծում եմ մեկ ամիս չի ձգվելու պայքարը, պետք է պահենք տեմպը, ավելացնենք ճնշումը։ Այս պայքարը որևէ կերպ չի կարող կասեցվել և պարտվել, դրա նշույլները չկան։ Ինչքան էլ Նիկոլը ԱԺ-ում դերասանություն անի, որ ամեն ինչ լավ է, վախի զգացողությունը աչքերից չի կարող հեռացնել, իր թիմին փորձում է հույս տալ, որ ամեն ինչ լավ է լինելու»,- ասաց Սաղաթելյանը։

Վերջինս անդրադառնալով իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից «Դիմադրություն» շարժմանն ուղղված քննադատություններին և հայտարարություններին, ասաց․ «Բոլոր նրանք, ովքեր իրենց չափը անցնում են, անձամբ ասում եմ՝ դուք հավերժ իշխանության չեք լինելու և ձեր ամեն ասածի համար պատասխան եք տալու»։