Խաղաղության համար հույս չտեսա. Իտալիայի վարչապետը՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին
Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ «խաղաղության համար հույս չի տեսել»։ Դրագին այս մասին ասել է՝ ի պատասխան լրագրողի հարցին, գրում է meduza.io-ն։
Պուտինի հետ մայիսի 26-ին նրա զրույցը հիմնականում կենտրոնացած էր Ուկրաինայից հացահատիկի մատակարարումների արգելափակման պատճառով համաշխարհային պարենային ճգնաժամի սպառնալիքի վրա: Դրագիի խոսքով՝ Պուտինն ասել է, որ ուկրաինական նավահանգիստները արգելափակվել են Կիևի մեղքով, որը, ՌԴ նախագահի խոսքով, ականապատել է դրանց ճանապարհները:
Իտալիայի վարչապետի խոսքով՝ իրավիճակը կարելի է կարգավորել՝ մաքրելով ջրերը և Ռուսաստանին երաշխիքներ տրամադրելով, որ նավահանգիստները չեն ենթարկվի հարձակումների, հայտնում է Askanews-ը։
Պուտինը նաև, ըստ Կրեմլի, Դրագիին ասել է, որ Ռուսաստանը «պատրաստ է զգալի ներդրում ունենալ պարենային ճգնաժամի հաղթահարման գործում հացահատիկի և պարարտանյութերի արտահանման միջոցով՝ Արևմուտքի կողմից քաղաքական դրդապատճառներով սահմանափակումների վերացման դեպքում»:










