Հայտնաբերվել է «Թաքնված ջրվեժ»-ի մոտ ընկերուհու հետևից գետը նետված 29-ամյա տղայի դին

11:53 • 29.05.22

Մայիսի 28-ին, ժամը 16։23-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին գյուղի «Թաքնված ջրվեժ» կոչվող տարածքում քաղաքացին մոտ 5 մ բարձրությունից ընկել է գետը, այնուհետև ինքնուրույն դուրս եկել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, քաղաքացին ինքնուրույն դուրս է եկել գետից,  սակայն չի գտնում ընկերոջը և կասկածում է, որ վերջինս նույնպես ընկել է գետը։

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ գետի երկայնքով (մոտ 10 կմ) և հարակից տարածքներում իրականացրել են որոնողական աշխատանքներ:

Մթության և բարդ ռելիեֆի պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են:

Մայիսի 29-ին, ժամը 06։00-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ժամը 07։20-ին փրկարարները գետում հայտնաբերել են Վ․ Բ․ Ս․-ի (ծնված 1993 թ.) դին։ Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել գետից, պատգարակել՝ մոտեցնելով փրկարարական ավտոմեքենային, այնուհետև՝ մոտ 2 կմ շտապօգնության ավտոմեքենային։