«Իրենց երեխաները ուզում են ապրել, իսկ մեր երեխաները չունեի՞ն այդ իրավունքը»․ զոհվածների հարազատների և Քյարամյանի հանդիպումը չկայացավ (տեսանյութ)

11:16 • 01.06.22

Հինգ օր առաջ դիմում ենք ներկայացրել Արգիշտի Քյարամյանին, որ իջնի ներքև և մեզ պատասխան տա, թող իջնի, մենք հարցեր ունենք իրեն տալու, անվստահություն կա այս կառույցի նկատմամբ։ Այս մասին Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը։

«Մեր ինքնաբացարկի միջնրդության ժամկետը լրանում է այսօր, պահանջում ենք, որ Արգիշտի Քյարամյանը իջնի և բավարարի մեր միջնորդությունը։ Ցանկանում ենք, որ գործը տեղափոխվի Քննչական կոմիտեից, որովհետև չենք հավատում։ Երկրում այս պահին չկա մի կառույց, որին մենք վստահում ենք։ Մեր երեխաների արյունը հենց այնպես չի թափվել, պայքարելու ենք, մինչև հասնենք մեր դրական պատասխանին»,- ասաց զոհված զինծառայողների ծնողներից մեկը։

«Հայաստանում բոլոր ատյանները ծառայում են օրվա իշխանություններին։ Իրենց գործով զբաղվելու փոխարեն փորփրում են ծնողների անցյալներն ու իրենց կեղտոտ լրատվականներով փորձում են մրոտել, ոչինչ չեն գտնելու, ինչից վախենում էինք, արդեն կորցրել ենք։ Զարմանում ենք, ինչպե՞ս կարելի է Քյարամյանի պես մարդուն պաշոն վստահել, երբ սեպտեմբերի 27-ին ԱԱԾ պետը ինքն էր»,- ասացին ծնողները։

«Իրենց երեխաները ուզում են ապրեն, մեր երեխանեը չէի՞ն ուզում, ո՞վ տվեց իրենց այդ իրավունքը՝ զրկել մեր երեխաներն կյանքից»,-ասաց նրանցից մեկը։

Քիչ անց ծնողների հետ հանդիպելու եկավ ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը, ով նշեց, որ Արգիշտի Քյարամյանի և ծնողների միջև հանդիպումը այսօր չի կարող կայանալ, քանի որ Քյարամյանը տեղում չէ։

«Լրացուցիչ հանդիպման հետ կապված օր, ժամ կպայմանավորվենք։ ՔԿ-ում տեղյակ չէին, որ ծնողները պետք է գային, դրա մասին իմացել են այն ժամանակ, երբ եկել եք այստեղ։ Պարոն Քյարամյանը երբեք ոչ մի հանդիպում չի մերժել ծնողների հետ, հեռագա հանդիպման համար կպայմանավորվենք ձեզ հետ»,- ասաց Ռաֆայել Վարդանյանը։

Հիշեցնենք, որ արդեն մեկ ամիս է զոհված զինծառայողների ծնողները պահանջում են, որ 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին առնչվող նյութերով հարուցված քրեական գործով Նիկոլ Փաշինյանին մեղադրանք առաջադրելու գործընթաց լինի, Փաշինյանը կանչվի հարցաքննության և կալանավորվի։

Հիշեցնենք նաև, որ Դատախազությունը հակակոռուպցիոն կոմիտեից գործը վերցրել, ուղարկել էր ՔԿ։