Մակրոնը Լոնդոնում դիվանագիտական «գլխացավանք» է առաջացրել Էլիզաբեթ 2-րդի հուղարկավորության նախօրեին. Daily Mail
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիվանագիտական «գլխացավանք» է առաջացրել Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի հուղարկավորության նախօրեին՝ «կանխամտածված բաց թողնելով ավտոբուսը», որը համաշխարհային առաջնորդներին պետք է տեղափոխեր Բուքինգհեմյան պալատ՝ ընդունելության, որպեսզի փոխարենը կարողանա ժամանել դիվանագիտական լիմուզինով: Այս մասին գրում է Daily Mail-ը՝ վկայակոչելով կառավարության աղբյուրները:
Աղբյուրները պնդում են, որ Ֆրանսիայի նախագահը միտումնավոր է դա արել. Մակրոնը երկար է քայլել կնոջ հետ, ինչի հետևանքով բաց է թողել ավտոբուսն ու իշխանությունները ստիպված են եղել նրա համար լիմուզին ուղարկել:
Աղբյուրները Daily Mail-ին հայտնել են, որ, ենթադրաբար, Մակրոնը ցանկացել է, որ իր համար արվի նույն բացառությունը, որն արվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի համար. վերջինիս թույլատրվել է և՛ ընդունելությանը, և՛ հուղարկավորությանը գնալ իր պաշտոնական զրահապատ մեքենայով:
Ասվում է, որ Մակրոնի նման պահվածքն այնպիսի զայրույթ է առաջացրել հուղարկավորության նյութատեխնիկական ապահովման համար պատասխանատու արարողակարգային պաշտոնյաների մոտ, որ Ֆրանսիայի կառավարությունը նախազգուշացվել է, որ Մակրոնը չի կարողանա նույն արտոնությունը պահանջել հաջորդ առավոտ բուն հուղարկավորության համար:
Ելիսեյան պալատի աղբյուրը, սակայն, բացառել է բրիտանական կողմի պնդումները՝ նշելով, որ Մակրոնին նախապես ասել են, որ նա կկարողանա ճանապարհորդել մեքենայով:
Ուայթհոլի աղբյուրն ասել է. «Կասկածներն այն էին, որ Մակրոնը միտումնավոր բաց է թողել ավտոբուսը դեպի պալատ՝ համարելով, որ ինքը չափազանց լավն է ավտոբուս նստելու համար, և նրան պետք է թույլ տան մեքենայով պալատ գնալ՝ նախագահ Բայդենի պես»:













