Ինչպես են Իրանի հայերը դիմավորել Նոր տարին. IRNA-ի ֆոտոշարքը
Իրանական լրատվամիջոցներն անդրադարձել են տեղի հայ համայնքին, որը նշում է Ամանորը, իսկ մի քանի օրից էլ տոնելու է Սուրբ Ծնունդը:
«Հայկական տոմարով Սուրբ Ծնունդը մի փոքր ուշ է նշվում, քան այլ երկրներում. այսինքն՝ մինչ աշխարհի քրիստոնյաների մեծ մասը (ներառյալ կաթոլիկները, բողոքականները և ուղղափառ քրիստոնյաների մեծամասնությունը) դեկտեմբերի 25-ը համարում են Հիսուս Քրիստոսի Ծննդյան օր, Հայ Առաքելական եկեղեցու հետևորդները այն նշում են հունվարի 5-ի երեկոյան:
Իրանահայերը, որոնք կազմում են Իրանում բնակվող քրիստոնյաների հիմնական մասը, այս օրերին զբաղված են իրենց տոնակատարությունների նախապատրաստմամբ: Թեհրանի Խաջե Նեզամ թաղամասի «Դահ Մետրի Արամանե» փողոցում, որտեղ գտնվում է Սուրբ Վարդան հայկական եկեղեցին, թարմ աղացած սուրճի բույրը տարածված է օդում, առևտրի կենտրոնները եռում են աշխուժությամբ», - գրում է Mehr գործակալությունը:
Ըստ գործակալության՝ Սուրբ Ծննդին նախորդող օրերին, եթե պատահաբար քայլեք Թեհրանի փողոցներով, որտեղ ապրում են հայերի մեծ մասը, օրինակ՝ Միրզայե Շիրազի փողոցը և Նեջաթոլլահի փողոցը՝ իր նշանավոր Սուրբ Սարգիս տաճարով, կարող եք որոշ խանութների ցուցափեղկերին տեսնել պաստառներ, որոնք հայտնում են ամանորյա տոնակատարությունների և կենդանի երաժշտությամբ ելույթների ժամն ու վայր:
«Հունվարի 1-ի գիշերը ղողանջում են եկեղեցու զանգերը՝ ավետելու նոր տարվա սկիզբը, իսկ հունվարի 5-ին եկեղեցիներում կատարվում է փառահեղ արարողություն։
Ամեն տարի հունվարի 1-ի կեսգիշերին Ամանորի տոնակատարություններ են անցկացվում նաև Իրանի ամենամեծ և ամենագեղեցիկ եկեղեցում՝ Սպահանի Ջուղայի հայկական թաղամասում գտնվող Վանք տաճարում», - եզրափակել է աղբյուրը ։
Ստորև ներկայացնում ենք IRNA գործակալության ֆոտոշարքն այն մասին, թե ինչպես են իրանահայերը Նոր տարին դիմավորել Թեհրանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարում։




































