Հրվ․ Կորեայի նախագահը հայտարարել է Կիմ Չեն Ընի հետ գագաթնաժողով անցկացնելու պատրաստակամության մասին
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ գագաթնաժողով անցկացնելու պատրաստակամության մասին՝ նշելով, որ գործնական արդյունք ստանալու համար հանդիպման ժամանակ հարկավոր է լուծել հրատապ հարցեր։ Այս մասին գրում է Chosun Ilbo թերթը։
Ինչպես նշել է նախագահ Յունը, Հարավային Կորեայում նկատվում է հիասթափություն Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ նախորդ հանդիպումներից, որոնցից հետո հակամարտության կարգավորման հարցում էական արդյունքներ չեն գրանցվել։
«Առաջին հերթին պետք է սկսել հումանիտար խնդիրներից և դուռ բացել հարավի և հյուսիսի միջև շփումների ու երկխոսության համար: Պետք է որոշակի քանակությամբ քննարկումներ ծավալվեն, ուղղություն սահմանվի։ Միայն այս կերպ գագաթնաժողովը կարող է տալ օգտակար արդյունքներ, որոնց մասին կարող ենք տեղեկացնել ժողովրդին և հարևան երկրներին։ Գագաթնաժողովից հրաժարվելու պատճառ չկա, բայց արդյո՞ք ցուցադրական գագաթնաժողովը կնպաստի խաղաղությանը Կորեական թերակղզում», - նշել է Յունը։










