Վատիկանում մեկնարկել է Հռոմի նախկին պապ Բենեդիկտոս XVI-րդին հրաժեշտի արարողությունը (տեսանյութ)

15:08 • 02.01.23

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մեկնարկել է Հռոմի նախկին պապ Բենեդիկտոս XVI-րդին հրաժեշտի արարողությունը։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հանգուցյալի մարմինը գտնվում է բազիլիկի մեջտեղում՝ առանց դագաղի։ Բենեդիկտոս XVI-րդը պատարագի համար նախատեսված կարմիր զգեստով է, գլխին՝ սպիտակ միտրայով, իսկ ձեռքում՝ աղոթքի համար նախատեսված տերողորմով։

Բազիլիկի բացումից դեռ մեկ ժամ առաջ արդեն իսկ Բենեդիկտոս XVI-րդին հրաժեշտ տալ ցանկացող հավատացյալների հսկայական հերթ էր գոյացել, ինչի հետևանքով Սուրբ Պետրսի հրապարակի մուտքն արգելափակվել էր։ Տաճար մուտք գործելը հեշտացնելու համար հավատացյալներին երկու խմբի են բաժանել։

Բենեդիկտոս XVI-րդը ժամանակակից եկեղեցու պատմության մեջ կմնա որպես վերջին 600 տարում առաքելական գահից ինքնակամ հրաժարված առաջին պոնտիֆիկոսը։ 2013 թվականի փետրվարին գահից հրաժարվելուց հետո նա տեղափոխվել է Վատիկանի այգիներում գտնվող Mater Ecclesiae փոքրիկ վանք, որտեղ էլ վախճանվել է շաբաթ՝ 2022 թվականի դեկտեմբերի 31-ին։

Հրաժեշտի արարողությունը կտևի մինչև հունվարի հինգը։ Հոգեհանգստի պատարագը կմատուցի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Պետրոսի հրապարակում։ Պատարագից հետո վեհափառ հայրապետը կանցկացնի վերջին հրաժեշտի արարողությունը, ինչից հետո Բենեդիկտոս XVI-րդի աճյունը կհուղարկավորվի։