«Վրիժառուներ» ֆիլմի աստղ Ջերեմի Ռեները դժբախտ պատահարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է
Ամերիկացի հանրահայտ դերասան, «Վրիժառուներ» ֆիլմի աստղ Ջերեմի Ռեները, ով հայտնի է Marvel-ի ֆիլմերում Բազեի աչք սուպերհերոսի իր դերով, դժբախտ պատահարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է։
Ինչպես հաղորդում են Variety և Deadline պորտալները՝ հղում անելով դերասանի ներկայացուցչին, Ռեները վնասվածքներ է ստացել ձյան մաքրման աշխատանքների ժամանակ։
«Մենք կարող ենք հաստատել, որ ձյան մաքրման ժամանակ տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով ստացած վնասվածքների պատճառով Ջերեմին գտնվում է ծայրահեղ ծանր, սակայն կայուն վիճակում», - հայտնել է դերասանի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ Ռեները գտնվում է հիվանդանոցում, որտեղ «գերազանց խնամք է ստանում»։ Այս պահին հայտնի չէ՝ ինչ վնասվածքներ է ստացել դերասանը։ Հայտնի չէ նաև, թե ինչ է տեղի ունեցել, սակայն Deadline-ի հաղորդմամբ՝ նրան հիվանդանոց են հասցրել ուղղաթիռով։










