Նախապատրաստվել էինք ձյան գալուն, հասարակական տրանսպորտն այսօր անարգել գործել է. Կամո Արեյան
Ամբողջ տեխնիկան նախապատրաստված է եղել ձյան գալուն, պայմանավորված ենք եղել վարչական ղեկավարների, ԵԱՍՄ տնօրինության և կանաչապատման ՀՈԱԿ-ի տնօրինության հետ։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։
«Ողջ գիշեր ընթացել են մաքրման աշխատանքներ, լուսադեմին «Ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենը հաղորդել է, որ քաղաքային հասարակական տրանսպորտը որևէ խնդիր չի ունեցել, անարգել դուրս է եկել երթուղի։
Գիշերը ԱԻՆ-ից և Պարեկային ծառայությունից որևէ ահազանգ չենք ստացել, կապի մեջ ենք եղել բոլոր ծառայություննեի հետ»,- ասաց Արեյանը։
Նա նշեց, որ բոլոր փողոցները երթևեկելի են և իրականացվում են մաքրման աշխատանքներ։
Քաղաքապետի խորհրդականը հավելեց նաև, որ հաջորդ խնդիրը լինելու է հալոցքից հետո գոյացած սառցակալաման պայմաններում համապատասխան աշխատանքներ տանելը։










