«Իմ քայլը» խմբակցության պատգամավորի` Նուբարաշենի հոգեբուժարանում գտնվող որդու ծանրոցում հայտնաբերվել է կասկածելի զանգված. shamshyan.com

12:06 • 09.01.23

Հունվարի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում՝  Նուբարաշենի հոգեբուժարանում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված կենտրոնի թիվ 5 բաժանմունքում բուժվող 28-ամյա հիվանդի ծանրոցում նրան խնամող հիվանդապահը հայտնաբերել է ժապավենով փաթեթավորված կասկածելի անհայտ զանգված։

Հայտնաբերման մասին տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։

Ժամանել են նաև ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի հերթապահ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ քննիչ Հովսեփյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ կասկածելի անհայտ զանգվածի ընդհանուր քաշը եղել է 1.32 գրամ;

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բուժվող հիվանդը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկի որդին է։