Համայնքային ավտոբուսային շարժակազմը համալրվում է. 80 միավոր «MAN» և «Zhong Tong» մակնիշի նոր ավտոբուսներն արդեն Երևանում են
Հունվարի 8-ի երեկոյան՝ ձյան տեղումներն սկսվելուց անմիջապես հետո ձնամաքրող տեխնիկան սկսել է աղով ու ավազով մշակել մայրաքաղաքի փողոցները։ Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ գործընթացն իրականացվել է ամբողջ գիշերվա ընթացքում, գործի է դրվել հատուկ նշանակության ողջ տեխնիկան: Այս պահին աշխատանքներ են իրականացվում ստորգետնյա, վերգետնյա անցումների աստիճանների, շենքերի շքամուտքերի, այգիներ տանող աստիճանները մաքրելու համար:
Համայնքային ավտոբուսային շարժակազմը շարունակում է համալրվել. զեկուցվել է, որ 20 միավոր «MAN» և 60 միավոր «Zhong Tong» մակնիշի նոր ավտոբուսներն արդեն Երևանում են:
Խորհրդակցության ժամանակ հայտնի դարձավ նաև, որ Երևանի մետրոպոլիտենում փուլ առ փուլ փոխարինվում են ավելի քան 40 տարի առաջ տեղադրված հին օդափոխիչները։ 14 հզոր օդափոխիչներից 6-ն արդեն մետրոպոլիտենում են և 3 հորաններում ավարտվել են բետոնավորման աշխատանքները։
Անդրադառնալով Երևան քաղաքի բյուջեի մուտքրին՝ նշվեց, որ 2022թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Երևանի բյուջեի սեփական եկամուտների գծով փաստացի մուտքերը կազմել են 35 մլրդ 355 մլն դրամ: 2022թ. կատարողականը կազմել է 102.2 %: 2021թ. համեմատ հավաքված գումարն, ի դեպ, ավելի է 5 մլրդ 28 մլն դրամով կամ 14.22 %-ով:










