Ռուսաստանում մահացել է «Կալիբր» թևավոր հրթիռների ստեղծողը
85 տարեկանում մահացել է Ռուսաստանի Դաշնության «Ալմազ-Անթեյ» օդատիեզերական պաշտպանական կոնցեռնի գիտական ղեկավար, «Կալիբր» թևավոր հրթիռների ստեղծող Պավել Կամնևը։ Այս մասին հայտնում է meduza.io-ն՝ հղում անելով կոնցեռնի մամուլի ծառայությանը։
Պավել Կամնևը հրթիռային գիտության ոլորտում նախագծող էր։
«Ալմազ-Անթեյ» կոնցեռնը հայտնել է, որ Կամնևը «ներքին ռազմարդյունաբերական համալիրի հիմնասյուներից մեկն էր», նա մասնակցել է բազմաթիվ հրթիռային համակարգերի մշակմանը։
Կամնևը հեղինակել է ավելի քան 20 գյուտ, եղել է ավելի քան 300 գիտական և տեխնիկական զեկույցների համահեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի հրթիռային և հրետանային գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ: 2016 թվականին նրան շնորհվել է Ռուսաստանի աշխատանքի հերոսի կոչում։
Հավելենք, որ «Կալիբր»-ը հեռահար, բարձր ճշգրտության թևւավոր հրթիռ է, որն օգտագործվում է ինչպես ցամաքային թիրախները, այնպես էլ նավերն ու սուզանավերը ոչնչացնելու համար: Ծովային թիրախների դեմ կրակի գնահատված հեռահարությունը մի քանի հարյուր կիլոմետր է, իսկ ցամաքային թիրախների համար՝ մոտ 2000 կմ։










