«Թալիբան» շարժման անդամը հերքել է Աֆղանստանում գեղեցկության սրահների փակման մասին տեղեկությունը

20:06 • 10.01.23

«Թալիբան» շարժման ղեկավարությունը չի որոշել փակել Աֆղանստանում կանանց գեղեցկության սրահները։ Դոհայում թալիբների քաղաքական գրասենյակի ղեկավար Մոհամմադ Սոհեյլ Շահինը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ մամուլի հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Դա ճիշտ չէ, համապատասխան մարմինները հերքում են այս պնդումը», - մեջբերում է գործակալությունը պաշտոնյայի խոսքերը:

Այն, որ թալիբների ղեկավարությունը պահանջել է փակել կանանց գեղեցկության սրահները 10-օրյա ժամկետում, հայտնել է Al-Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Լրագրողները նաև հայտնել են, որ այսուհետ կանանց արգելվում է աշխատել առևտրի կենտրոններում։