Դա հնարավոր է միայն հակամարտության 2 կողմերի համաձայնությամբ. Կրեմլը՝ ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի խաղաղապահներով փոխարինելու վերաբերյալ Փաշինյանի խոսքերի մասին

13:51 • 11.01.23

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի խաղաղապահ առաքելության տեղակայումը Արցախում հնարավոր է միայն հակամարտող կողմերի համաձայնությամբ, չորեքշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի խաղաղապահներով փոխարինելու հնարավորության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Աշխատանքային, տարբեր մակարդակներում մշտական շփումներ կան: Իհարկե, այս թեման մեկ անգամ չէ, որ օրակարգում է եղել: Բայց պարզ է, որ ցանկացած առաքելություն կարող է ուղարկվել միայն հակամարտության երկու կողմերի համաձայնությամբ»,- ասել է Պեսկովը:

Փաշինյանը հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Արցախում ռուս խաղաղապահների առաքելության ժամկետի ավարտից հետո կարող է հաջորդել տարածաշրջան միջազգային խաղաղապահ զորախումբ ուղարկելու խնդրանքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։