ՀԱՊԿ զորավարժություններին այլընտրանք գոյություն չունի, Փաշինյանը պայմանավորվել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ չհզորացնել հայկական բանակը. Սեյրան Օհանյան

15:25 • 11.01.23


Զորավարժությունները ընդհանրապես անց են կացվում ոչ թե սպառնալիքներից խուսափելու, այլ սպառնալիքներին դիմագրավելու համար։ Ակնհայտ է, որ այս տարածաշրջանում մեզ համար սպառնալիք է մնում թուրք-ադրբեջանական տանդեմը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում անցկացնելու առաջարկը մերժելուն, ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Եթե հայ-ռուսական հարաբերությունները նաև նրա համար են, որ Թուրքիայից եկող սպառնալիքներին դիմագրավենք, ապա հասարակ զորավարժությունները նրա համար են, որ դիմագրավենք այն սպառնալիքներին, որը այսօր գալիս են Ադրբեջանից։ Զորավարժությունների անցկացման հիմնական նպատակը զորքերի պատրաստության կատարելագործումն է, իսկ ՀԱՊԿ շրջանակներում՝ նաև միջազգային փորձի փոխանակումը և պատրաստության աստիճանի բարձրացումը։ Հիմա եթե մենք հրաժարվելու ենք այդ զորավարժություններից, դա հավասարազոր է, որ ԶՈՒ պատրաստության մեջ հրաժարվենք ամենաբարձր գագաթնակետի ուսուցման ձևից»,- ասաց Օհանյանը։

Անդրադառնալով հարցին՝ գոյություն ունի՞ ՀԱՊԿ-ի զորավարժություններին այլընտրանք, Օհանյանը ասաց․

«Իհարկե գոյություն չունի, մենք ՀԱՊԿ-ից դո՞ւրս ենք եկել, իհարկե՝ ոչ, այդպիսի բոլոր միջոցառումները այս իրավիճակում պետք է օգտագործել ԶՈՒ ունակությունների բարձրացման համար։ Փաշինյանի խոսքերը հուշում են այն մասին, որ իշխանությունները որոշակի պայմանավորվածություններ ունեն թուրքերի ու ադրբեջանցիների հետ, որ չպետք է կատարելագործեն մեր բանակի ունակությունները։ Երբ Ալիևը հայտարարում էր, որ չպետք է թույլ տանք հայկական բանակն ուժեղանա, այս պայմանավորվածությունը իրողություն է դառնում»։

Օհանյանը նշեց, որ ՀԱՊԿ-ի գործողություններից իրենք ևս գոհ չեն։ «ՀԱՊԿ-ը, ի տարբերություն ՆԱՏՕ-ի, նոր կառույց է և նրա որոշումների ընդունման ընթացակարգերը, օպերատիվ արձագանքման միջոցառումները կատարելագործման կարիք ունեն, բայց դա չի նշանակում, թե ՀԱՊԿ-ի հետ չպետք է աշխատենք։ Մենք ունեցել ենք բանակ, որը տարածաշրջանում հաղթանակած բանակ է եղել, անընդհատ կատարելագործվել է, եղել է մրցունակ, թող ձենները կտրեն, բանակը իրենք են ոտնահարել»,- նշեց Սեյրան Օհանյանը։