Թայվանից մեկնող ինքնաթիռում լիցքավորիչը գերտաքացել ու պայթել է՝ առաջացնելով հրդեհ (լուսանկարներ, տեսանյութ)
Scoot ավիաընկերության՝ Թայվանից Սինգապուր մեկնող չվերթի երկու ուղևոր տուժել է այն բանից հետո, երբ օդ բարձրանալուց առաջ ինքնաթիռի սրահում շարժական լիցքավորիչ է բռնկվել:
Ինչպես գրում է Daily Mail-ը, տագնապալի կադրերը, որոնք արվել են ուղևորներից մեկի հեռախոսով և տարածվել սոցիալական ցանցերում, ցույց են տալիս, թե ինչպես են բորտուղեկցորդուհիները փորձում հանգստացնել հուզված մարդկանց, մինչ կրակն ու ծուխը սկսում են խուճապ առաջացնել:
Հրդեհը սկսվել է այն ժամանակ, երբ արտաքին մարտկոցը (powerbank) բռնկվել է և արագ օդը լցրել ծխով՝ ստիպելով անձնակազմին տարհանել բոլոր 189 ուղևորներին:
Օդանավում գտնվող երկու մարդ ստացել է թեթև այրվածքներ, սակայն մնացած բոլոր ուղևորները անվնաս են տարհանվել: Տուժածներից մեկը վերալիցքավորող սարքի տերն էր. հայտնի է, որ սարքը գերտաքանալու հետևանքով պայթել է՝ հրդեհի պատճառ դառնալով։












