Ուկրաինան հայտարարել է, որ «գիշերը Սոլեդարում թեժ է եղել». Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը նշել է, որ «ռուսական ուժերը, ըստ ամենայնի, վերահսկում են Սոլեդարը»

12:51 • 13.01.23

Ուկրաինական Սոլեդար քաղաքում մարտերը շարունակվում են, ուկրաինացի զինվորականները փորձում են պահել գիծը: Այս մասին, BBC-ի փոխանցմամբ, հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։

«Գիշերը Սոլեդարում թեժ է եղել, մարտերը շարունակվել են։ Հակառակորդը գրեթե բոլոր հիմնական ուժերը նետել է Դոնեցկի ուղղությամբ և պահպանում է հարձակման բարձր ինտենսիվությունը»,– գրել է Մալյարը Telegram–ում։

Մինչդեռ Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) ուրբաթ ռազմաճակատում իրավիճակի վերաբերյալ իր հերթական թարմացման մեջ առաջին անգամ նշել է, որ «ռուսական ուժերը վերահսկում են Սոլեդարի տարածքի մեծ մասը, եթե ոչ ամբողջը, և նրանց, ըստ երևույթին, հաջողվել է ուկրաինական զորքերին դուրս մղել բնակավայրի արևմտյան ծայրամասերից»։

Սոլեդարը փոքր (2022 թվականի փետրվարի տվյալներով՝ մոտ 10 000 բնակչություն ունեցող) քաղաք է, որը գտնվում է Դոնեցկի մարզի՝ ռազմավարական նշանակություն ունեցող Բախմուտ քաղաքից 10 կիլոմետր հյուսիս-արևելք: