Արծվիկ Մինասյանն Ալեն Սիմոնյանին առաջարկեց պատգամավորական այց կատարել դեպի Արցախ (տեսանյութ)

11:28 • 16.01.23

 

ՀՀ Ազգային ժողովի նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց ԱԺ նախագահին՝ որպես Հայաստանի և Արցախի ԱԺ-ների համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ, արդյո՞ք նախատեսվում է հանդիպում կամ քննարկում Արցախի գործընկերների հետ։

«Նախատեսվում էր հանդիպում սեպտեմբերի 19-ին, բայց սեպտեմբերի 13-ի և 14-ի դեպքերի պատճառով հետաձգվեց։ Ստեղծված իրավիճակում նման բան նախատեսելը մի քիչ դժվար է, և այս պահին քննարկում չկա Արցախի մեր գործընկերների հետ»,– ասաց Սիմոնյանը։

Արձագանքելով՝ Մինասյանը շետեց, որ գուցե սա լավ առիթ է, որպեսզի դեպի Արցախ պատգամավորական այց կատարվի։

«Ի վերջո միջազգային հանրությունը պետք է տեսնի, որ ստանձնած պարտավորությունները, որոնք ճանաչվել են նաև իրենց կողմից, պետք է կյանքի կոչել»,- ասաց Մինասյանը։

Ի պատասխան՝ ԱԺ նախագահը ասաց․

«Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով չեմ պատկերացնում մեկնելու Ձեր առաջարկը ինչպես կարելի է իրագործել, իսկ առցանց քննարկման մասով կարող ենք քննարկել, հասկանալ։ Եթե նման հնարավորություն տեսնում են նաև Արցախի մեր գործընկերները,  ինչու՝ ոչ»։