Իրանում վաղաժամկետ ազատ է արձակվել 975 ձերբակալված կին

22:01 • 16.01.23

Իրանի Գերագույն դատարանի նախագահ Ղոլամ Հոսեյն Մոհսենի-Էջեին երկուշաբթի օրը հայտարարել է 975 կանանց վաղաժամկետ ազատ արձակման մասին, այդ թվում՝ նրանց, որոնք ձերբակալվել են երկրում ընթացող բողոքի ակցիաների ժամանակ:

Ինչպես հայտնում է Mehr գործակալությունը, այս որոշումը համընկնում է Մուհամեդ մարգարեի դստեր՝ Ֆաթիմայի ծննդյան օրվա հետ, որը նշվել է ուրբաթ օրը՝ հունվարի 13-ին։ Իրանում այս ամսաթիվը նշվում է նաև որպես Մայրության օր։

«Վաղաժամկետ ազատ արձակվածներին խորհուրդ եմ տալիս զգույշ լինել և այլևս սխալ ճանապարհով չքայլել, ինչը կբերի ավելի ծանր պատիժ»,- զգուշացրել է դատական իշխանության ղեկավարը։

Ինչպես նշել է Մոհսենի-Էջեյը, «սոցիալական միջավայրը կարող է բարերար ազդեցություն ունենալ նախկին բանտարկյալների վրա և դրական դեր խաղալ կրթական գործընթացում»։

Ընդհանուր առմամբ, ըստ գործակալության, հունվարի 9-ից իշխանությունները Ֆաթիմայի ծննդյան օրվա կապակցությամբ ազատ են արձակել մոտ չորս հազար մարդու։