Շատ բան ենք տեսել դիրքերում, դրա համար ենք սակավախոս, խայտառակությունների մասին հատիկ-հատիկ գրած ուղարկելու ենք պաշտպանության նախարարին․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

17:59 • 17.01.23

Աչքովս է ընկել Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի՝ օրերս արած մի հայտարարություն, որում ասվում էր, թե դիրքերը որակապես փոխվել են ու տվել են հնարավորություն, որ ընդդիմադիրները ունենան դա տեսնելու ու առնչվելու հնարավորություն, բայց տեսնելուց հետո էլ շատ սակավախոս են ու ասում են, որ Նոր տարվա նախօրյակին ընդդիմադիր պատգամավորները եղել են առաջնագծում։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Այո, եղել ենք առաջնագծում, վերջապես մի հնարավորություն ընձեռնվեց լինել Տավուշից մինչև Կապան, Ներքին Հանդ։ Շատ բան ենք տեսել, դրա համար էլ քչախոս ենք, աչքերում կրակ ունեցող զինվորներ ենք տեսել, տեսել ենք նախորդը կորցրած ու նոր դիրք կառուցող հրամանատարի, տեսել ենք հիվանդություններով դժվար քայլող կամավորների, տեսել ենք, հպարտացել ենք։ Բայց նաև տեսել ենք շատ բան, որի մասին ուղղակի չէինք ցանկացել բարձրաձայնել»,- ասաց Մանուկյանը։

Նա նշեց, որ միշտ չէ, որ ընդդիմադիր պատգամավորները հնարավորություն են ունեցել դիրքեր գնալու։

«Թադևոս Ավետիսյանն ու Քրիստինե Վարդանյանը եղել են Ջերմուկի առաջնագծում, այ որ մոտենաք, հարցնեք, շատ բան կպատմեն, ու Անդրանիկ Քոչարյանը կհասկանա, որ սակավախոս ենք՝ ոչ թե, որ լավ բան ասելու մեջ քչախոս ենք, այլ սեփական երկիրը սիրում ենք։ Ոչ թե այսօրվա իշխանության մեջ հայտնված պատգամավորների պես, որ ընդդիմադիր եղած ժամանակ ամեն զոհը սարքում էին երկիր խառնելու, բանակը թուլացնելու միջոց։ Մենք քչախոս ենք հանրության առաջ, որ թշնամի ինչ-որ բան չանի, ներսում, պաշտպանության նախարարին հատիկ-հատիկ գրած ենք ուղարկելու այն խայտառակությունը, որ տեսել ենք»,- ասաց Մանուկյանը։