The Guardian-ն ասել է, թե Ուկրաինային քանի տանկ է անհրաժեշտ հակահարձակում սկսելու համար
Ուկրաինան պետք է արևմտյան երկրներից ստանա առնվազն 100 տանկ՝ հակահարձակում իրականացնելու համար։ Նման կարծիք է հայտնել բրիտանական The Guardian թերթը՝ վկայակոչելով Լոնդոնում գործող Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի փորձագետներին։
Հրատարակությունը նշում է, որ 14 բրիտանական Challenger 2 տանկի հայտարարված մատակարարումը, ինչպես նաև Լեհաստանի կողմից Leopard տանկերի տեղափոխումն Ուկրաինա կարելի է համարել արևմտյան ռազմական օգնության ակտիվացման սկիզբ, սակայն դա շատ ավելի քիչ է, քան ուկրաինական կողմի կարիքներն են։ Կիևը տարեվերջին խոսում էր 300 տանկ ստանալու անհրաժեշտության մասին։
Աղբյուրը նկատում է, որ Մեծ Բրիտանիան, ինչպես հավելել է թերթը, չի կարող կտրուկ մեծացնել առաքումները Կիևի իշխանություններին այն պատճառով, որ իր զինված ուժերն ունեն ընդամենը 227 Challenger 2:
Միևնույն ժամանակ, The Guardian-ն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի 13 երկիր միասին ունի ավելի քան 2,3 հազար Leopard 2 տանկ, թեև դրանցից առնվազն 300-ը պահեստում են, իսկ շատերի վիճակը, այդ թվում՝ Իսպանիայում գտնվողներինը, որակվում է որպես «ողբալի»։ Փորձագետները նշել են, որ ուկրաինացի զինվորականների հիմնական ուսուցումը Challenger 2-ի և Leopard 2-ի հետ աշխատելու համար կարող է տևել երեքից վեց շաբաթ:










