Հայաստանի և Արցախի խորհրդարանների բոլոր քաղաքական ուժերը պետք է բոլոր օրակարգերի գլխավերևում ունենան աղետալի իրավիճակում հայտնված Արցախի հարցը. Արթուր Թովմասյան

18:35 • 17.01.23

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Ադրբեջանի կողմից պաշարված Արցախում հումանիտար աննախադեպ ճգնաժամը խորանում է:

Այսօր Ադրբեջանը փակել է նաև Արցախը սնուցող գազատարը, որի արդյունքում
120 000 մարդ խստաշունչ ձմռան այս օրերին, ի թիվս այլ կենսական խնդիրների, զրկվել է նաև ջեռուցման հնարավորությունից:

30 000 երեխայի համար ահագնանում է թերսնման, ցրտահարման վտանգը:

Ողջունելով և կարևորելով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այսօրվա պաշտոնական նամակն ավելի քան 30 պետությունների խորհրդարանների ղեկավարներին, ուզում եմ ընդգծել, որ այս հարցում ՀՀ և  ԱՀ խորհրդարանների բոլոր քաղաքական ուժերը պետք է մի կողմ դնեն իրենց քաղաքական հայացքները, բոլոր օրակարգերի գլխավերևում ունենան աղետալի իրավիճակում հայտնված Արցախի հարցը և միասնական ջանքերով աշխարհի ուշադրությունը հրավիրեն անկանխատեսելի զարգացումներով օրեցօր սաստկացող հումանիտար աղետի վրա:

Սա պետք է անընդունելի լինի քաղաքակիրթ աշխարհի համար:

Մենք պետք է համատեղ ջանքերով պարտադրենք միջազգային հանրությանը՝ ճիշտ գնահատական տալ Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտման քաղաքականությանը, և այն կանխելու ուղղությամբ  ձեռնարկել համապատասխան միջոցներ, որոնք արդեն իսկ ուշանում են»: