Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է, դա միշտ եղել է ԻԻՀ դիրքորոշումը. ՀՀ-ում Իրանի դեսպան
Հայաստանը մեզ համար կարևոր բարեկամ երկիր է և մեզ համար Հայաստանի հետ տարբեր ուղղություններով համագործակցությունը շատ կարևոր է։ Այս մասին Սյունիքի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։
«Բարեբախտաբար վերջին շրջանում համաձայնություններ են ձեռք բերվել երկու երկրների միջև թե՛ գազի, թե՛ էլեկտրաէներգիայի փոխանակման հետ կապված և բնական է, որ այդ ամեն ինչը իրականացնելու համար պայմանները պետք է հարմարավետ լինեն։ Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցությունները կարող են լինել նմուշ՝ տարբեր ուղղություններով տարածաշրջանում եռակողմ համագործակցությունների համար»,- ասաց դեսպանը։
Նա ընդգծեց, որ Իրանի նպատակն է զարգացնել համագործակցությունը բոլոր ուղղություններով և այն վարում է այդպիսի քաղաքականություն:
«Հայաստանը մեր հարևան, բարեկամ երկիրն է և Հայաստանի նկատմամբ էլ նույնպես այդ քաղաքականությունը կա: Իրանի ԱԳ նախարարն էլ նշել է, որ Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է: Եվ Իրանի դիրքորոշումը միշտ այնպես է եղել, որ պետք է հարգվեն երկրների անկախությունը, տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Հայաստանինը եւ բոլորինը՝ միջազգային օրենքների համապատասխան: Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունն ու բոլոր ուղղություններով կապերը զարգանալու վրա են։ Հուսով եմ, որ այս համագործակցությունը որպես երկու հին ու դարավոր երկրներ օրեցոր ավելի կզարգանա։ Տարբեր ուղղություններով են աշխատանքներ տարվում, ճանապարհի հետ կապված, տնտեսական համագործակցություններ և այլն, որոնք իրենց ազդեցությունն ունենում են»,- ասաց դեսպանը։










