Պաշտպանության նախարար եղած ժամանակ բազմաթիվ նման կացարաններ եմ կառուցել, 2 տարին բավարար էր ոչ միայն վերականգնելու, այլև նորերը կառուցելու համար․ Օհանյանը՝ հրդեհված կացարանի մասին

13:47 • 20.01.23

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը անդրադարձել է երեկ զինվորական կացարանում բռնկված հրդեհին։

«Իմ հիշողության մեջ բանակում երբևէ նման դեպք չի տպավորվել։ ԶՈՒ-ն իր առօրյա գործունեությունը կազմակերպում է համազորային կանոնադրությունների համաձայն, որում գրված են այն պայմանները, որում զինվորը կարող է հայտնվել՝ լինի ժամանակակից զորանոց, ժամանակավոր կացարան, վրան կամ նույնիսկ բաց դաշտ։ Բոլոր այդ պայմաններում զինվորական ծառայության նկատմամբ պահանջները նույնն են։ Կարող է ժամանակավոր զորանոցը վերանորոգված չլինել, բայց պայմանները, հակահրդեհային  պատրաստությունը նույնն են բոլոր դեպքերում։ Ես կարծում եմ, որ այդ զորանոցում զինվորները այդ վիճակում հենց այնպես չէին հայտնվել, 2020թ-ի պատերազմից հետո էին հայտնվել այնտեղ։ Երկու տարին բավարար է եղել ոչ միայն այն կարգի բերելու, այլև նորերը կառուցելու համար։ Նախկինում, երբ Պաշտպանության նախարար էի, այդպիսի բազմաթիվ շենք-շինություններ եմ կառուցել»,- ասաց Օհանյանը։

Նա նշեց, որ բանակում վերջին տարիներին փոխվել է տարվող քաղաքականությունը, իջեցվել է Զինված ուժերում կարգապահության մակարդակը։

Խոսելով հրդեհին հաջորդած պաշտոնանկությունների մասին՝ Սեյրան Օհանյանը ասաց․

«Դեպքը այնպիսին էր, որ ղեկավար կազմը միանգամից պետք է լիներ այնտեղ, 15 հոգի անփութության պատճառով զոհվել է։ Ծառայողական քննության արդյունքում պետք է որոշումներ կայացվեին, միանգամից հանել զորամիավորման հրամանատարությանը, գլխատել անձնակազմին, նման է, երբ պատերազմից առաջ միանգամից փոխում էին նախարար, ԳՇ պետ ու այդ արագ փոփոխությունները նաև հարված հասցրին բանակի  ղեկավարման համակարգին»։