Որոշ մարմիններում դարձյալ վերականգնվել է համակարգային կոռուպցիան. Երվանդ Թարվերդյան. Aravot.am

23:28 • 23.01.23

Եթե ժամանակին ինքս գովերգում էի, թե Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, այսօր արձանագրում եմ, որ իմ ունեցած ոչ պաշտոնական տեղեկություններով, որոշ մարմիններում դարձյալ վերականգնվել է համակարգային խուլիգանությունը, կոռուպցիան: Եթե մի ամբողջ մաքսային պահեստում տեսչական անձնակազմին ԱԱԾ են հրավիրում ցուցակներ են հայտնաբերում, ուրեմն վերականգնվում է համակարգային կոռուպցիան: Ստացվում է, մենք ժամանակավո՞ր ուրախացանք:

Այս մասին aravot.am-ի հետ զրույցում ասաց «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը: Նրա գնահատմամբ, տնտեսության այսօրվա վիճակը շատ դեպքերում կապված է այսօրվա լարված քաղաքական իրավիճակից, կառավարության անկարողությունից է, երբ իրենք չեն կարողանալով կարգավորել խնդիրները և չեն էլ ցանկանում որևէ մեկի աջակցությունն ընդունել:

«Տարօրինակ է, բայց փաստ, որ մենք ներդրումներ չունենք մեր մի շարք պաշտոնյաների անգործության հետևանքով: Այսօր չկա պատասխանատվության կարգ: Ամենակարևորը խոշոր ներդրումների համար քաղաքական կայուն դաշտն է, որովհետև խոշոր ներդրողը հարաբերություններ է ստեղծում պետական մարմինների հետ և նա պետք է հասկանա, թե այդ երկրում ինչ քաղաքականություն է տարվում:

Մեր պետությունում 2018 թվականից մինչ օրս ընդամենը մեկ ու կես տարի է կայուն քաղաքական իրավիճակ եղել: Ամբողջ աշխարհում անվտանգությունը համարժեք է ռիսկերին, շահութաբերությանը, այսինքն ոլորտներ կան, որ էական չէ անգամ ծայրահեղ անվտանգային համակարգը: Մեր պետությունը, իհարկե, պատերազմական վիճակում է, սակայն որոշ ճյուղերի համար ներդրումներն անվտանգ են, օրինակ` գյուղատնտեսության ոլորտը:

Ներդրողի համար էական չի Հայաստանը կունենա պետականություն, թե ոչ, իրեն իր ոլորտն է հետաքրքրում և իր ներդրած գումարների շահը, իսկ խոշոր պետությունների ներդրողը գիտի, որ իր պետությունը պաշտպանելու է իր շահը: Արձանագրենք, որ այս գեոպոլիտիկ լարված իրավիճակում էլ միևնույն է պատերազմական գործողությունները երբեք չեն հասնելու այն վայրերին, որտեղ հնարավոր է ներդրումներ անել, Հայաստանում հիմա էլ կան ոլորտներ, որոնք բավականին հետաքրքիր են ներդրողի համար: Օրինակ, հանքարդյունաբերությունը, շինարարությունը:

Ի դեպ, կառուցապատումը, որպես ամենաշահութաբեր ճյուղ՝ շինթույլտվությունների բյուրոկրատական քաշքշուկների անվերջանալի շղթա է, որը լուրջ խոչընդոտ է ներդրողների համար կամ շատ տարօրինակ է քաղաքի գլխավոր հատակագծով քաղաքի գոտեւորման տարբերությունները, երբ քաղաքի միևնույն տարածքում մի շենքը կարող է կառուցվել ընդամենը 4 հարկ, մյուսը՝ 15 հարկ: Վառ օրինակ է, Աջափնյակ թաղամասի նոր կառուցապատման ծրագիրը, որը սակայն տեղից չի շարժվում, իմ գնահատմամբ այն ևս քաղաքական ճգնաժամի հետևանք է»,-նշեց Թարվերդյանը:

Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուր կայքում։