Պետքարտուղարությունը խորհուրդ է տվել առաջիկայում Գերմանիայից սպասել նորությունների՝ Ուկրաինայի համար տանկերի մասով
Լրատվամիջոցներում հայտնված վերնագրերից տպավորություն է ստեղծվում, որ Գերմանիան շուտով նոր հայտարարություններ կանի տանկերի մատակարարման թեմայով, ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։
«Իմ տպավորությունն այն է, որ նորությունների վերնագրերը կարդալուց հետո մենք կարող ենք ավելին լսել մեր գերմանացի դաշնակիցներից առաջիկա ժամերին կամ օրերին», - ասել է նա:
Միևնույն ժամանակ Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին CNN-ին ասել է, որ ԱՄՆ-ն դեռ վերջնական որոշում չի կայացրել իր Abrams տանկերն Ուկրաինա ուղարկելու վերաբերյալ:
«Մենք այս կամ այն կերպ որոշումներ չենք կայացրել»,- ասել է նա։
Գերմանիան առանցքային դեր է խաղում Leopard տանկերի մատակարարման բանավեճում, քանի որ դրանք արտադրվում են Մյունխենի Krauss-Maffei Wegmann գործարանում: Երկիրը հրաժարվում է դրանք Ուկրաինային փոխանցել իր պաշարներից։ Իշխանությունները պնդում են, որ Գերմանիայի անցյալի պատճառով դա առաջինը պետք է անի Միացյալ Նահանգները։ Սպիտակ տունը տրամաբանական չի համարում Գերմանիայի դիրքորոշումը, քանի որ գերմանական Leopard տանկերը կարող են Ուկրաինա մատակարարվել Abrams-ից շուտ, Bloomberg-ին հայտնել է ԱՄՆ վարչակազմի կարծիքին ծանոթ աղբյուրը։
ԱՄՆ իշխանությունները հավանություն չեն տալիս իրենց ծանր Abrams տանկերի (55 տոննա քաշով) տեղափոխմանը տեխնիկական պատճառներով, դրանց գազատուրբինային շարժիչները վառելիքը սպառում են հսկայական արագությամբ, հակված են խափանումների, և դրանց սպասարկումը պահանջում է բարձր որակավորում ունեցող անձնակազմ։ Դրանց պահպանման ծախսերը չափազանց բարձր են, ընդգծում է Պենտագոնը։










