Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատարը 1 մլն դոլար ժառանգություն է ստացել. նա գումարը փոխանցել է բանակին
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին մեկ միլիոն դոլար ժառանգություն է ստացել ուկրաինական ծագումով ԱՄՆ քաղաքացի Գրիգորի Ստեպանեցից, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով Ստեպանեցների ընտանիքին։
The New York Times-ը չի հստակեցնում՝ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը ծանո՞թ է եղել ամերիկացու հետ, թե՞ նրա հետ արյունակցական կապ ունի։
Զալուժնին ստացված ժառանգությունը փոխանցել է ուկրաինական բանակի կարիքների համար, հավելում է հրատարակությունը՝ հղում անելով Ստեպանեցների ընտանիքին և Ուկրաինայի Զինված ուժերի մամուլի ծառայությանը։
Ուկրաինական pravda.com.ua կայքը, հղում անելով Ուկրաինայի Զինված ուժերի մամուլի ծառայությանը, գրում է, որ Զալուժնին գումարը փոխանցել է հունվարին:
«Ամբողջ կյանքս նվիրել եմ զինված ուժերին, և կասկած չեմ ունեցել, թե ինչ պետք է անեմ ժառանգության հետ: Պարոն Գրիգորիի վերջին կամքը, անշուշտ, եղել է ուկրաինական բանակին աջակցելը: Ես շնորհակալ եմ բոլորին, ովքեր օգնում են Ուկրաինայի զինված ուժերին։ Եվ ես շնորհակալ եմ իմ ընտանիքին ըմբռնման համար», - մեկնաբանել է Զալուժնին։










