Ֆրանսիայում շարունակվում են կենսաթոշակային բարեփոխումների դեմ գործադուլները

20:07 • 26.01.23

Ֆրանսիայի մի շարք շրջաններում շարունակվում են իշխանությունների կենսաթոշակային բարեփոխումների դեմ գործադուլները. դրանք, մասնավորապես, տեղի են ունենում մի քանի ընկերությունների նավթավերամշակման գործարաններում։

Ցուցարարները դեմ են կենսաթոշակային տարիքի բարձրացմանը. այս մասին հայտնում է տեղական Echos թերթը։

Ըստ հրապարակման՝ TotalEnergies նավթային ընկերությունը 100%-անոց գործադուլ է հայտարարել Ֆլանդրիայի պահեստներից մեկում։ Բացի այդ, Նորմանդիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանում աշխատակիցների 80%-ը հայտնել է գործադուլին մասնակցելու մասին: Գործադուլ է հայտարարել նաև La Med կենսավերամշակման գործարանի աշխատողների 60%-ը։ Donges նավթավերամշակման գործարանում աշխատուժի 50%-ը գործադուլ է հայտարարել, որին միացել է Grandpuits նավթային գործարանի աշխատակիցների 30%-ը։

Հունվարի 19-ին Ֆրանսիայում բողոքի զանգվածային ցույցեր են սկսվել կենսաթոշակային բարեփոխումների դեմ։ Ըստ երկրի ՆԳՆ կանխատեսումների՝ համազգային գործադուլին կմասնակցի 600-ից 800 հազար մարդ։ Ավելի քան 10 հազար ոստիկան հետևում է կարգուկանոնի պահպանմանը Ֆրանսիայի խոշոր քաղաքներում։