ՀԴԲ-ն խուզարկություն է իրականացնում Բայդենի՝ Դելավերի առանձնատանը

21:07 • 01.02.23

Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները ԱՄՆ արդարադատության նախարարության ցուցումով խուզարկություն է անցկացնում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Դելավեր նահանգի Ռեհոբոթ Բիչ քաղաքում գտնվող առանձնատանը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ NBC հեռուստաալիքին հղումով, խուզարկությունն իրականացվում է գաղտնի փաստաթղթեր պահելու գործի շրջանակներում։

«Նախագահի լիակատար համաձայնությամբ և համագործակցությամբ՝ այսօր Արդարադատության նախարարությունը պլանային խուզարկություն է իրականացնում Դելավեր նահանգի Ռեհոբոթ քաղաքում գտնվող նրա տանը», - Բայդենի փաստաբան Բոբ Բաուերի խոսքերն է մեջբերում հեռուստաալիքը։

Ինչպես հաղորդվում է՝ ամերիկյան վարչակազմի ղեկավարի առանձնատան մոտ մի քանի սև ավտոմեքենա է կանգնած։ Հեռուստաալիքի տվյալներով՝ սա երրորդ տեղն է, որտեղ ՀԴԲ-ն այս գործի շրջանակներում հետաքննական գործունեություն է իրականացնում։ Ավելի վաղ ՀԴԲ-ի աշխատակիցները խուզարկություններ են անցկացրել ԱՄՆ նախագահի՝ Ուիլմինգթոնի նստավայրում, ինչպես նաև Բայդենի անվան Դիվանագիտության և գլոբալ փոխգործակցության կենտրոնում։