Ֆրանսիացիները դեմ են կենսաթոշակային տարիքը 62-ից 64-ի բարձրացնելուն. ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ և մահակներ է կիրառել (լուսանկարներ)
Այսօր Փարիզում Նապոլեոն Բոնապարտի գերեզմանի մոտ ոստիկանությունն արցունքաբեր գազ և մահակներ է կիրառել կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքող ցուցարարներին ետ մղելու համար, հայտնում է Daily Mail-ը:
Դրանից առաջ երկրով մեկ տեղի են ունեցել գործադուլներ և փողոցային ցույցեր, որոնց մասնակցել է ավելի քան 1,2 միլիոն մարդ, որոնք դեմ են կենսաթոշակային տարիքը 62-ից 64-ի բարձրացնելուն:
«Փարիզյան երթը, որին մասնակցում էին հարյուր հազարավոր մարդիկ, մինչև վերջին պահը խաղաղ էր, բայց հետո տեղի ունեցան անկարգություններ», - ասել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը՝ հավելելով, որ մասնակիցները սկսել են քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ներքին գործերի նախարար Ջերալդ Դարմանենը սոցիալիստներին մեղադրել է կենսաթոշակային բարեփոխումներին դեմ հանդես գալու համար: Նրա խոսքով՝ մոբիլիզացվել է 11 000 ոստիկան:
Կառավարության նոր առաջարկների համաձայն, որոնք քննարկվում են Փարիզի խորհրդարանում, մարդիկ պետք է երկու տարի ավելի երկար աշխատեն՝ լիարժեք կենսաթոշակ ստանալու համար։
Նախագահ Էմանուել Մակրոնն այս առաջարկը ողջունել է որպես Ֆրանսիայի չափազանց թանկ համակարգը պաշտպանելու կարևոր միջոց: Միևնույն ժամանակ նա ողջունել է «ժողովրդավարական բողոքը», սակայն ասել է, որ ցանկացած անկարգություն կպատժվի «օրենքի ողջ խստությամբ»:
Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների գաղափարները խորապես հավանություն չեն ստացել, սոցհարցման մասնակիցների 68%-ը հայտարարել է, որ դեմ է դրանց:
Երկրի բոլոր արհմիությունները, ինչպես նաև Ազգային ժողովի ձախակողմյան և ծայրահեղ աջ ընդդիմադիր կուսակցությունները դատապարտել են այդ առաջարկը:
Մակրոնի «Վերածնունդ» կուսակցությունը չունի խորհրդարանական մեծամասնություն, ուստի պետք է ապավինի պահպանողական հանրապետական կուսակցության շուրջ 60 պատգամավորի աջակցությանը կենսաթոշակային բարեփոխումներն իրականացնելու համար:
Սա կենսաթոշակային բարեփոխումների յոթերորդ փորձն է Ֆրանսիայում այն բանից հետո, երբ սոցիալիստ նախագահ Ֆրանսուա Միտերանը 1982 թվականին նվազեցրեց կենսաթոշակային տարիքը մինչև 60 տարեկան:


























