ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ համապատասխան թույլտվությունն ավելորդություն է. Լավրով

15:35 • 02.02.23

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ գործունեության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան թույլտվությունն ավելորդություն է, այս առումով ՀԱՊԿ օրենսդրական դաշտում փոփոխություններ են մշակվում, հինգշաբթի ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Այժմ Ղազախստանի առաջարկով, որին մենք կողմ ենք, լրացում ենք անում այս համաձայնագրում,... քանի որ այնտեղ ասվում է, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը տեղակայվում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համաձայնությամբ և սանկցիայով: Սա չափազանցված պահանջ է, քանի որ ՀԱՊԿ անդամներից մեկի օրինական կառավարության խնդրանքը լիովին բավարար է, ինչպես եղավ Ղազախստանի դեպքում անցյալ տարվա հունվարին։ Ուստի, այժմ մենք համապատասխան պարզաբանում ենք ներառում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ պայմանագրային և իրավական դաշտում»,- ասել է նա։

Նախարարի խոսքով՝ փոփոխությունները կբարձրացնեն ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության արդյունավետությունը։

ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրում ներկայումս ասվում է, որ կազմակերպության անդամ երկրների տարածքում խաղաղապահ գործունեություն իրականացնելու որոշումը կայացվում է ՀԱՊԿ անդամ պետության պաշտոնական դիմումի կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման հիման վրա։