Պենտագոնը չի հավատում, որ Ուկրաինան առաջիկայում կկարողանա հետ գրավել Ղրիմը Ռուսաստանից. Politico
Ուկրաինական ուժերը դժվար թե կարողանան առաջիկայում հետ գրավել Ղրիմը Ռուսաստանից. այս մասին գաղտնի ճեպազրույցում Պենտագոնի չորս բարձրաստիճան պաշտոնյա ասել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Զինված ծառայությունների հանձնաժողովի օրենսդիրներին։
Ինչպես գրում է Politico-ն, Պենտագոնի ներկայացուցիչների նման գնահատականը, անկասկած, կհիասթափեցնի Կիևին, որը թերակղզին հետ վերցնելը համարում է իր հիմնական նպատակներից մեկը:
Politico-ի աղբյուրը հայտնել է, որ ճեպազրույցի հիմնական միտքն այն է, որ Ուկրաինայի հաղթանակը՝ Ղրիմը վերադարձնելու նպատակով հարձակման հարցում երաշխավորված չէ: Այլ կերպ ասած՝ Պենտագոնը չի հավատում, որ Ուկրաինան ունի, կամ առաջիկայում կունենա կարողություն ստիպելու ռուսական զորքերին դուրս գալ Ղրիմ թերակղզուց, որը ՌԴ կազմում ներառվել է 2014-ին:
Politico-ի հետ զրուցած բոլոր չորս աղբյուրն էլ խնդրել է անանուն մնալ՝ գաղտնի ճեպազրույցից մանրամասներ բացահայտելու հարցում:
«Մենք չենք պատրաստվում մեկնաբանել դռնփակ գաղտնի ճեպազրույցները, չենք խոսելու հիպոթեզների մասին կամ ենթադրություններ անենք ապագա հնարավոր գործողությունների մասին», - ասել է Պենտագոնի խոսնակ Սաբրինա Սինգհը՝ տեղեկության արտահոսքի առնչությամբ:
Ղրիմի վերագրավման հարցը ամիսներ շարունակ վիճելի է, քանի որ ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաները պնդում են, որ թերակղզին օրինականորեն Ուկրաինայի մաս է, մինչդեռ Կիևին համապատասխանաբար ճեն զինում այդ տարածքը վերադարձնելու համար, եզրափակում է Politico-ն:










