«Միացյալ Հայաստան» կուսակցությունը «Պատերազմ և անվտանգություն» խորագրի ներքո կլոր-սեղանի շուրջ էր համախմբել մշակույթի, քաղաքական-հասարակական գործիչներին

20:53 • 03.02.23

«Միացյալ Հայաստան» կուսակցությունը «Պատերազմ և անվտանգություն» խորագրի ներքո կլոր-սեղանի շուրջ էր համախմբել Հայաստանի հասարակական ու քաղաքական գործիչների, գիտնականների, դասախոսների, մշակութային ոլորտի ներակայացուցիչների՝ ազգային միասնություն ստեղծելու կարևոր առաքելությամբ։ Սա նման ձևաչափով կուսակցության արդեն 3-րդ համագումարն է, որի օրակարգը բխում էր երկրի առջև ծառացած անվտանգային խնդիրների լուծման անհրաժեշտությունից։

«Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Երվանդ Թարվերդյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ կար նման թեմաներով քննարկում անելու հանրային ու քաղաքական պահանջ։

«Այստեղ ներկայացվում են գիտական հիմքեր, որի շուրջ ազգը և պետությունը պետք է համախմբվեն։ Այսօր ավելի քան արդիական են անվտանգությունն ու պատերազմը։ Միջոցառմանը այս անգամ ներգրավվել են ավելի շատ մտավորականներ ու քաղաքական գործիչներ, քան նախկինում ու աշխատանքների այս փուլը ցույց տվեց, որ իսկապես պահանջված միջոցառում է»,- ասաց Երվանդ Թարվերդյանը։

Հայաստանն այսօր անցնում է պատմականորեն անցումային ու քաղաքակրթական առումով ճակատագրական մի շրջափուլ, որտեղ կարևոր է դառնալ գործոն և ոչ թե գործիք։ Այս ճանապարհին կարևոր է ինտելեկտուալ ռեսուրսի համախմբումը։ Կլոր-սեղան քննարկման ընթացքում կարմիր թելով անցնում էին բանակ, անվտանգություն, պատերազմ կարևորագույն թեմաները։

Համագումարի մասնակցները առաջնահերթ համարեցին բանակը և անվտանագային համակարգը վերականգնելու, սխալներից դասեր քաղելու կարևորությունը։

Բանակ-հասարակությունը կապի վերականգնելու անհրաժեշտությունը, ինչպես նշեցին ներկաները, շատ կարևոր է՝ շեշտելով, որ խնդիրները, որոնք առկա են բանակում, նույնիսկ այս իրավիճակում, չեն խանգարում զինվորներին կրկին կանգնել հայրենիքի պաշտպանության դիրքերում։

Համագումարի ներկաները, ովքեր ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչներ էին, կարևորեցին նմանատիպ քննարկումների անհրաժեշտությունը, որովհետև, ինչպես իրենք են ընդգծում, այսպիսի քննարկումները տեսանելի քայլ են պետության վերականման կարևորագույն գործին։