Վրաստանն արժանի է Եվրամիության թեկնածուի կարգավիճակին. Ղարիբաշվիլի

15:54 • 03.02.23

Եվրահանձնաժողովի զեկույցը ցույց է տալիս, որ Վրաստանն արժանի է ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակին, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Եվրահանձնաժողովը զեկույց է հրապարակել Վրաստանի՝ ԵՄ  անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ, հայտնում է sputnik-georgia.ru-ն:

«Փաստաթուղթը հստակ արտացոլում է մեր երկրի առաջընթացը եվրաինտեգրման ճանապարհին և ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Վրաստանը, որպես առաջին բարեփոխիչ, արժանի է ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ ստանալուն»,- գրել է Ղարիբաշվիլին Twitter-ի իր էջում։

2022 թվականի հունիսին Եվրոպական խորհուրդը որոշել է ճանաչել Վրաստանի եվրոպական հեռանկարը և պատրաստակամություն է հայտնել նրան տրամադրել ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ, հենց որ կատարվի 12 պայմանը, այդ թվում՝ բևեռացման վերացում, ապաօլիգարխացում,  մեդիա միջավայրի բարելավում, դատական իշխանության լիարժեք անկախության ապահովում և այլն։

Եվրամիությունը 2023 թվականի գարնանը կգնահատի Վրաստանի կողմից ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ 12 պայմանի կատարումը, Եվրահանձնաժողովի պաշտոնական եզրակացությունը կլինի աշնանը։