Արդարության համար պայքարը շարունակվում է. Անջելինա Ջոլին անդրադարձել է Սինջարում եզդիների ցեղասպանությանը (լուսանկարներ)
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին, որը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հատուկ դեսպանորդն էր 2001-2022թթ., այցելել է Իրաք: Օսկարակիր դերասանուհին մի քանի լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում՝ նշելով, թե ինչ է արել պատերազմից ավերված այդ երկրում:
«Զգացմունքային օր իմ ընկերոջ՝ Նադյա Մուրադի հետ, որի հետ պատիվ ունեցա մի օր անցկացնել Իրաքի Սինջարում», - գրել է Ջոլին, որը հրապարակված լուսանկարներից մեկում հուզված է: 
Նա նշել է, որ Նոբելյան մրցանակի դափնեկիր Մուրադը այնքան բան է անում եզդի ժողովրդին և այլ համայնքներին օգնելու համար:
Ջոլին նշել է, որ Սինջարում մարդիկ վերականգնվում են հակամարտությունների և ցեղասպանության հետևանքներից։
«Նա ինձ տարավ այն տունը, որտեղ մեծացել էր Կոչո գյուղում», - գրել է Ջոլին:
Նա հավելել է, որ Մուրադն իրեն տարել է հին դպրոց, որտեղ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները առանձնացրել են կանանց և տղամարդկանց, նախքան նրանց ստրկացումն ու զանգվածային սպանությունը:
Դերասանուհին հավելել է, որ «շատերը դեռ անհայտ կորած են, և արդարության համար պայքարը շարունակվում է»:
Իր հրապարակման մեջ Ջոլին կիրառել է նաև եզդիների ցեղասպանություն հեշթեգը:
Սինջարը քաղաք է Հյուսիսային Իրաքի Նինվե նահանգի Սինջար շրջանում։ Դրա բնակչությունը 2013 թվականին գնահատվում էր մոտ 90 000 մարդ՝ հիմնականում եզդիներ, գրում է Daily Mail-ը։
Դեկտեմբերին Իրաքում հավաքված ապացույցները հիմնավորել են նախնական եզրակացություններն այն մասին, որ «Իսլամական պետության» ծայրահեղականները հանցագործություններ են կատարել մարդկության դեմ և պատերազմական հանցագործություններ քրիստոնեական համայնքի դեմ այն բանից հետո, երբ 2014 թվականին գրավել են Իրաքի մոտ մեկ երրորդը, ասվում է ՄԱԿ-ի հետաքննող խմբի զեկույցում:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված զեկույցում ասվում է, որ հանցագործությունները ներառում են քրիստոնյաների բռնի տեղափոխումն ու հետապնդումը, նրանց ունեցվածքի բռնագրավումը, սեռական բռնությունը, ստրկացումը և այլ «անմարդկային արարքներ», ինչպիսիք են բռնի կրոնափոխությունը և մշակութային և կրոնական վայրերի ոչնչացումը:










