Կարևոր չէ, թե որքան գումար կա բանկային հաշվիս, կարևորը՝ ինչ քայլեր եմ անում երկրի համար. Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարվել է հայտնել՝ միլիարդատե՞ր է, թե՞ ոչ

14:30 • 03.02.23

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հրաժարվել է պատասխանել հեռուստալրագրող Փիերս Մորգանի հարցին առ այն, թե արդյոք ինքը միլիարդատեր է: Իր պաշտոնավարման 100 օրվա լրանալու կապակցությամբ տված հարցազրույցում Սունակը, որը համարվում է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ քաղաքական գործիչներից, ընդամենն ասել է, որ ինքը ֆինանսապես հաջողակ է:

Ինչպես գրում է Daily Mail-ը, քաղաքական ընդդիմախոսներն անընդհատ հղում են անում Սունակի հարստությանը՝ փորձելով կասկածի տակ դնել, թե արդյոք նա կարող է հասկանալ սովորական մարդկանց պայքարը կյանքի աճող ծախսերի ճգնաժամի պայմաններում: Հայտնի է, որ ներդրումային ոլորտում հաջող կարիերա կառուցելուց զատ, Սունակը նաև ամուսնացած է Հնդկաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի դստեր հետ:

Հարցազրույցի ընթացքում Մորգանը հարցրել է Սունակին. «Դուք չափազանց հարուստ եք, չէ՞»:

Անհարմար լռությունից հետո վարչապետը պատասխանել է. «Դե, կարծում եմ, շատերը կհամարեն, որ ես ֆինանսապես հաջողակ եմ, այո: Բայց կարծում եմ, որ մարդիկ պետք է հասկանան, թե որոնք են իմ արժեքները: Դա ամենակարևորն է։ Ինձ այդպես են դաստիարակել։ Եվ ես դաստիարակվել եմ այս երկիր գաղթած ծնողների կողմից... Ես դաստիարակվել եմ աներևակայելի քրտնաջան աշխատելու, ճիշտ բան անելու, մեզանից պակաս հաջողակ մարդկանց մասին հոգալու համար… Արդյոք ես այսօր ֆինանսապես հաջողա՞կ եմ… Շատերը կհամարեն, որ ես ֆինանսապես շատ հաջողակ եմ»:

Այնուհետև Մորգանը ճնշում է գործադրել Սունակի նկատմամբ, որպեսզի նա մոտավոր թվեր ներկայացնի իր հարստության վերաբերյալ՝ հարցնելով, թե արդյոք նա միլիարդատեր է:

Բայց Սունակն ասել է. «Ես չեմ պատրաստվում դրան անդրադառնալ»:

«Կարևոր չէ, թե որքան գումար կա իմ բանկային հաշվին, կարևորն իմ արժեքներն են և ինչ քայլեր եմ ձեռնարկում երկրի համար, - եզրափակել է վարչապետը: