Թուրքիային իրենց նվիրվածությունը առավելագույնս ցույց դնելու՝ ՀՀ իշխանությունների ջանքերը թուրքական էլիտայի համար նշանակություն չունեն․ Տիգրան Աբրահամյան
ՀՀ իշխանությունների ջանքերը՝ առավելագույնս ի ցույց դնելու իրենց նվիրվածությունը Թուրքիային և Թուրքիայի ժողովրդին, այդ երկրի քաղաքական էլիտայի համար որևէ դերակատարություն չունի։ Այս մասին ԱԺ-ում խրհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Եթե Թուրքիան անհրաժեշտություն տեսնի ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների, ապա այս կետին էլ չէր հասնի ու այս հանգուցալուծմանը կգնար ավելի վաղ։ Ավելին, եթե Թուրքիան այդպիսի ցանկություն ունենար, իր համար այս ողբերգական օրերին իրեն իրավիճակին համահունչ կպահեր ու այն սահմանը, որը բացվել էր հումանիտար բեռների տեղափոխման համար, կբացեր ոչ միայն ուղեբեռի փոխանցման համար, այլ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու շրջանակում խորհրդանշական կերպով այն պարզապես կբացեր»,- ասաց Աբրահամյանը։
Պատգամավորը ասաց, որ տարածաշրջանում Թուրքիայի ու Ադրբեջանի նպատակները բոլորովին այլն են։
«Դրանք ենթադրում են ագրեսիայի կամ ճնշումների միջոցով Հայաստանի տարբեր բնակավայրերի նկատմամբ ամբողջությամբ վերահսկղության հասնելը։ Այդ ճանապարհը նրանք կգնան փափուկ ուժի կիրառման, թե ագրեսիայի միջոցով, ցույց կտա ժամանակը»,- նշեց Տիգրան Աբրահամյանը։










