Ցանկության դեպքում հնարավոր է սահմանը բացել ու շահագործել ճանապարհները․ ՔՊ-ական պատգամավորը՝ Թուրքիա ուղարկված օգնության մասին
ԱԺ-ում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը անդրադարձավ Հայաստանի կողմից Թուրքիա ուղարկված օգնությանը՝ նշելով, որ հարցը պետք է դիտարկել երկու հարթության մեջ։
«Առաջինը հումանիտար հարթությունն է։ Ես կարծում եմ, որ Հայաստանը որպես միջազգային հանրության նորմալ մասնակից, պետք է միշտ արձագանքի նմանատիպ աղետներին, հատկապես այսպիսի մասշտաբներով աղետներին ու առաջարկի օգնություն։ Հենց սա է եղել առաջին հերթին Հայաստանի նպատակը՝ արագ արձագանքել աղետին»,- ասաց նա։
Անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող բանակցությունների վրա այս օգնության հնարավոր ազդեցությանը՝ պատգամավորը ասաց․
«Այդ նյուանսը, իհարկե, կա, ընկալման տեսանկյունից սա որոշակի առումով դրական ազդակ է։ Իհարկե նման մասշտաբի աղետի դեպքում դրական ազդակներից խոսելը դժվար է, բայց այնուամնայնիվ մենք տեսնում ենք, որ ցանկության դեպքում հնարավոր է սահմանը բացել, շահագործել ճանապարհները։ Հույս ունենանք, որ Թուրքիայի կառավարությունը ավելի կհակվի այս գործընթացին և մենք ավելի արագ արդյունքներ կտեսնենք»։










