Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների հարց չի քննարկվում, նման օրակարգ չունենք. Տիգրան Ավինյան

20:06 • 14.02.23

Մամուլում ամեն ամիս տարատեսակ բամբասանքներ են հրապարակվում և ամեն ամիս Երևանի ավագանու ընտրությունների նոր ժամկետ է հայտարարվում, բայց մեր խմբակցության գործողությունների ծրագրում այս պահի դրությամբ որևէ փոփոխություն չկա։

Այս մասին Hraparak.am-ի հետ զրույցում ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, պատասխանելով հարցին, թե մամուլում հրապարակումներ կան, որ ՔՊ֊ն առաջիկայում կանցկացնի ավագանու ընտրություններ, որ ինքը դառնա Երևանի քաղաքապետ։

Դիտարկմանը, թե ՔՊ֊ն այսինքն արտահերթ ընտրությունների չի գնա, Ավինյանն ասաց` այս պահին նման բան չկա. «Միակ տեղը, որտեղ ես նմանատիպ հարցի վերաբերյալ տեղեկատվություն եմ ստացել, դա մամուլն է, այս պահին նման խոսակցություն չկա և նման օրակարգ չունենք»։

Ինչ վերաբերում է իր ու ՔՊ֊ի վարկանիշի անկնման վերաբերյալ լուրերին, Տիգրան Ավինյանն ասաց, որ իրենց պարբերաբար իրականացնում են հարցումներ, և մամուլում նշված վարկանիշները և թվերը, իրականությանը մոտ չեն։

«Մենք որևէ խնդիր չենք տեսնում ոչ գալիք ընտրությունների հետ կապված, ոչ ռեյտինգի, մենք այս պահին անում ենք մեր աշխատանքը»,֊ասաց Ավինյան։