Միասին մենք կհաղթահարենք սա․ 20 տարի առաջ Արցախում ընտանիք կազմած, ազգությամբ ռուս Օլյան շատ լավ գիտի՝ ինչ նպատակներ ունեն ադրբեջանցիները (տեսանյութ)

12:18 • 14.02.23

 

Ստեփանակերտ - Գորիս միջպետական մայրուղուն հայտնված ադրբեջանցի կեղծ բնապահպանների գործողություններին աջակցում են նաև Ադրբեջանի ռուսական համայնքի ներկայացուցիչները։ Համայնքի նախագահի առաջին տեղակալ Անաստասիա Լավրինան հաստատել է իրենց մասնակցությունը, այսպես ասած, «էկոակտիվիստների» ակցիային։

Շուշի-Քարին տակ խաչմերուկում ադրբեջանցիների կողքին հայտնված Ադրբեջանի ռուսական համայնքի անդամների ներկայությունից է զարմացած 20 տարի առաջ Արցախում ընտանիք կազմած, ազգությամբ ռուս Օլյան: Նա նշում է՝ շատ լավ գիտի՝ ովքեր են ադրբեջանցիներն ու ինչ նպատակներ կարող են ունենալ.

«Մի՞թե չեն հասկանում, որ 120 հազար արցախցիների հետ իրենք նաեւ այստեղ ապրող հարյուրավոր ռուսներին են պաշարել»:

Շրջափակման դժվարություններին Օլյան արդեն հասցրել է հարմարվել։ 57 օր շարունակ սննդի բացակայությունը, պարբերաբար՝ գազամատակարարման, էլեկտրաէներգիայի խափանումներն իր ընտանիքի համար նույնպես դժվարություններ են ստեղծել։ Տանը դպրոցահասակ երեխա ունի, բայց ամենադժվարը ՀՀ-ում սովորող դստեր կարոտին դիմանալն է։

«Բոլորի ուժ եմ մաղթում, խաղաղություն, միասին մենք կհաղթահարենք սա»,–ասում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։