Այս տեսանյութը ցույց է տալիս Ադրբեջանի կառավարության «էկոակտիվիստ» գործակալների իրական մտադրությունները. «Թաթոյան» հիմնադրամ (տեսանյութ)

18:44 • 14.02.23

Այս տեսանյութը բազմաթիվ ապացույցներից հերթականն է, որ ցույց է տալիս արդեն 2 ամսից ավելի Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը փակած Ադրբեջանի կառավարության «էկոակտիվիստ» գործակալների իրական մտադրությունները: Այս մասին հայտարարություն է տարածել Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը՝ կից ներկայացնելով նաև տեսանյութը, որում երևում է՝ ինչպես են Լաչինի միջանցքն արգելափակած ադրբեջանցիներն անպարկեշտորեն արտահայտվում հայերի հասցեին:

«Նրանք վիրավորում են Արցախի բնիկ ժողովրդին` հայ ժողովրդի անբաժանելի մասին, հրճվում են ճանապարհը փակելու առթիվ. սա է նրանց իրական վերաբերմունքը:

Սա 2022թ. դեկտեմբերի 14-ի` ճանապարհը փակելու 2-րդ օրվա տեսանյութ է:

Այս տեսանյութը ևս ներառվել և վերլուծվել է առաջիկայում հրապարակվելիք զեկույցում, որտեղ ապացույցներով բացահայտված են բազմաթիվ «էկոակտիվիստներ»», - ասված է գրառման մեջ: