Խուզարկություններից հետո Թրամփը ՀԴԲ-ն համեմատել է գեստապոյի հետ

20:03 • 14.02.23

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՀԴԲ-ի կողմից իր տան խուզարկության ժամանակ իրավապահները կարողացել են գտնել միայն գաղտնի փաստաթղթերի թղթապանակները, այլ ոչ թե փաստաթղթեր: Իր Truth Social սոցցանցում արած գրառման մեջ նա իրավապահներին համեմատել է գեստապոյի հետ, գրում է ՌԻԱ Նովոստին։

««Գեստապոյի» կողմից Մար-ա-Լագոյում առգրավված այսպես կոչված փաստաթղթերից շատերը, ի տարբերություն «Բայդենի մոտ կայացած ոչ ռեյդերի», էժան և հասարակ թղթապանակներ էին, որոնց վրա կային «նյութեր նախագահի համար», «գաղտնի» կամ այլ գրություններ։ Ներսում ոչինչ չկար, քանի որ այն հանդիպումների ժամանակ, որոնց ընթացքում տեղեկություններ էին փոխանցվում, օրինակ՝ Օվալաձև գրասենյակում, փաստաթղթերը հանվում էին թղթապանակներից՝ թողնելով միայն դատարկ շապիկները»,- գրել է Թրամփը:

Ինչպես նշել է ԱՄՆ նախկին նախագահը, ինքն այդ թղթապանակները պահել է որպես հիշատակ, և դրանում «ոչ մի վատ բան չկա»․ նման թղթապանակները փաստաթուղթ չեն համարվում։ Քաղաքական գործչի խոսքով՝ «անարդարության նախարարությունը» պետք է ստուգի գործող նախագահ Ջո Բայդենի կողմից հասանելի տարածքներում գաղտնի նյութերի պահպանումը։