Ինքնագովազդ՝ համազգային աղետի ֆոնին, կամ ի՞նչ է թաքնված Ծառուկյանի` Արցախ ուղարկված խաչերի ու օգնության հետևում. Armeniannews.info

17:49 • 15.02.23

Արցախը 63 օր է, ինչ շրջափակման մեջ է: Աղետը, որն ապրում են մեր քույրերն ու եղբայրները, հումանիտար մասշտաբների է հասել, իսկ Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում Թուրքիան է ու այնտեղ ուղարկվող բեռնատարերը։ Արցախը վաղուց հանձնած իշխանությունը դեպի Արցախի շրջափակումը հովանավորող Թուրքիա բեռնատար է բարձում, մի բան էլ բեռնատարի հետ արտգործնախարար է ուղարկում, որ այնտեղ ջերմ խոսքեր փոխանակի և ևս մեկ անգամ շատ կոպտորեն քծնի, գրում է Armeniannews.info-ն:

Համաձայնեք, որ սա ծաղր է իշխանությունների կողմից:

Համաձայնեք, որ կրկնակի ծաղր է ընդդիմության կողմից, երբ այսօր շատ ընդդիմադիրներ, հաշտվել են ձևավորված ստատուս քվոյի հետ, Արցախի շրջափակման փաստը որպես վերջնական իրողություն են ընկալել և իրենց առօրյա աշխատանքն են համարում ոչ թե Արցախի ժողովրդի համար ամենօրյա պայքարը, այլ վերջիններիս անկոտրուն կամքով հիանալն ու ֆեյսբուքում մաղթանքներ հղելը, որ արցախցիները պինդ լինեն ու դիմանան։

Համաձայնեք, որ եռակի ծաղր է, երբ հայաստանյան որոշ ընդդիմադիր ուժեր անգամ հաջողացնում են PR ակցիաներ իրականացնել Արցախի շրջափակման ֆոնին: Օրերս տարածվեցին տեսանյութեր, որտեղ արտախորհրդարանական ամենախոշոր ուժի ղեկավարը` Գագիկ Ծառուկյանը, որը մինչև երեկ պահանջում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Արցախի շրջափակման 63-րդ օրը օրհնված խաչեր ու օգնություն է ուղարկել Արցախ։

Երեկվա ընդդիմադիր Գագիկ Ծառուկյանը, որն այս օրերին ինչ֊ինչ մութ հանգամանքներից ելնելով՝ դադարեցրել է ընդդիմադիր ակտիվ գործունեությունը ու հսկայական բիզնես արտոնություններ ստացել՝ հյուրանոցների կառուցման թույլատվություններից մինչև բյուջեից «ՇԱՆԳՐԻ ԼԱ» խաղատանը վճարվող գումարներ, խաչեր է ուղարկում ու PR ակցիաներ կազմակերպում արված աշխատանքի վերաբերյալ։

Աշխատել Արցախն Ադրբեջան համարող իշխանությունների հետ՝ լեգիտիմացնելով նրանց ու միաժամանակ ռեվերանս անել Արցախին՝ ակնկալելով գովեստ: Ինչ խոսք, լավ գաղափար է:
Լավ խոսք կա, որ անարդարության դեմ կամ պայքարում ես, կամ համագործակցում դրա հետ։

Ծառուկյանի ընտրությունն ակնհայտորեն կանգ է առել երկրորդ տարբերակի վրա՝ համագործակցել ու զուգահեռաբար PR լինել՝ անհրաժեշտության դեպքում դառնալով քաղաքական գործիչ, մեկ այլ դեպքում՝ մարդասեր ու բարերար, իսկ մյուս պարագայում էլ՝ «չեզոք» գործարար՝ նայած, թե պահն ինչպես կթելադրի:

Համաձայնեք, Ծառուկյանն այս քայլով սահմանի պաշտպանության մասին բաժակաճառ ասողի է նմանվում, նույն այն պահին, երբ սահմանում թեժ կռիվ է ու հայրենիքը տեղում պաշտպանելու կարիք կա։ Ի սկզբանե աջակցելով, հետո պայքարի իմիտացիա ստեղծելով, հետո չպայքարելով Արցախից ձեռքերը լվացած ՀՀ իշխանության դեմ, առավոտյան քաղգործիչ, կեսօրին գործարար, երեկոյան բարերարը, իբր փորձում է մեղմել չարիքի հետևանքները։ Մինչդեռ պատճառի ծառը նաև ինքն է ջրել 2018-ին՝ Մարիոթի բակում և հետո արմատախիլ չի արել, թեև դրա ռեսուրսը ուներ։

Կարծում ենք, որ կարևոր է այս մասին այսպես ու այս պահին խոսել, ու ֆիքսել փաստերը, որպեսզի վաղը, երբ Արցախի ժողովուրդը հաղթի իր սուրբ պայքարում, Ծառուկյանը կամ իր նմանները չկարողանան ասել որ արցախցու կողքին են եղել այս ամբողջ ընթացքում, ինչպես հեղափոխությունից հետո հայտարարեցին, որ հեղափոխականների կողքին են եղել ու ողջ ընթացքում ջուր են ուղարկել նրանց: