Շնորհակալություն, Հայաստան. Հայաստանի հարցերով Թուրքիայի հատուկ բանակցողը հայերեն գրառում է արել
Հայ-թուրքական կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ բանակցող Սերդար Քըլըչը թվիթերյան միկրոբլոգում հայերեն շնորհակալություն է հայտնել:
«Ադըյամանում ընդունման խմբերը բացել են Հայաստանից երկրորդ օգնությունը պարունակող բեռնատարների դռները՝ երկրաշարժից տուժածներին այցելելու նպատակով տարածաշրջան ժամանած Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հսկողությամբ։ Շնորհակալություն, Հայաստան», - գրել է Քըլըչը՝ վերջին նախադասությունը գրելով հայերեն:
Բացի այդ, նա կից տեսանյութ է հրապարկել:
Մեկ այլ գրառման մեջ էլ նա նշել է, որ Հայաստանն առանց վարանելու կանգնեց թուրք ժողովրդի կողքին:
«Աշխարհագրությունը մեր ընդհանուր ճակատագիրը որոշող ամենակարևոր գործոնն է: Երբեմն, ինչպես հիմա, այս ճակատագիրը կերտվում է տառապանքով: Տարածաշրջանի երկրների միջև դրսևորված մարդասիրական համերաշխությունը լավագույն դեղամիջոցն է այս տառապանքը մեղմելու համար։ Ինչպես տարածաշրջանի բոլոր երկրները, այնպես էլ Հայաստանը առանց վարանելու կանգնեց թուրք ժողովրդի կողքին», - գրել է թուրք դիվանագետը։
ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը հայտնել էր, որ Հայաստանը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել երկրաշարժից տուժած շրջաններ:
«Երեկ ուշ երեկոյան մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակով բեռնված բեռնատարները հատել են հայ-թուրքական սահմանը՝ Մարգարա կամրջով»,– գրել է նա։
Հիշեցնենք, որ փետրվարի վեցին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո սա Հայաստանի կողմից այդ երկիր մարդասիրական օգնություն ուղարկելու երկրրդ դեպքն է:










